2018 թվականից հետո քաղաքապետարանը որևէ ոլորտում համակարգային լուծումներ չի արել. Ավինյան

Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանի խոսքով` Երևան քաղաքն ունի համակարգային, տեխնոլոգիական լուծումների կարիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Այն աշխատանքները, որ կատարել է Երևանի քաղաքապետարանը 2018 թվականից հետո, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը համակարգային լուծումներ չի համարում։ Նա նման հայտարարություն արեց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Բավականին աշխատանքներ կատարվել են, որոշակի խնդիրներ մեղմել են, բայց դրանք չեն եղել համակարգային լուծումներ որևէ ոլորտում, ամենայն հարգանքով այն աշխատանքի հանդեպ, որը կատարվել է։ Օրինակ` աղբահանության հավաքագրումը կա, վերամշակումը չկա։ Տրանսպորտի խնդիրը միայն ավտոբուսները չեն, այլ ընդհանուր համակարգն է, մետրոյի հետ միացումն է, մետրոյի կայարանների շարունակության վերլուծություն է և շատ այլ հարցեր»,–ասաց Ավինյանը։
Նրա խոսքով` Երևան քաղաքն ունի համակարգային, տեխնոլոգիական լուծումների կարիք։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Ավագանու այսօրվա նիստում նա Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց։
Ընտրություններից մեկ տարի առաջ հայտնի է նաև քաղաքապետի երեք այլ թեկնածուի անուն՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։