ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի– Sputnik. Ռուսաստանի Դաշնության, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների զինված ուժերի 55 զինծառայողներ փոխանցվել են ռուսական կողմին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Փոխանակման շուրջ բանակցային բարդ գործընթացի արդյունքում այսօր գիշերը Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքից վերադարձվել են ՌԴ-ի, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների զինված ուժերի 55 զինծառայողներ, որոնց մահացու վտանգ էր սպառնում գերության մեջ», - ասված է հաղորդագրությունում։
Բոլոր զինծառայողները ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնության տարածք և գտնվում են պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում:
Զինծառայողներին ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական ու բժշկական օգնություն և հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է ընձեռվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան Թուրքիայի նախաձեռնությամբ փոխանակել են 200 ռազմագերիների: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ասել է, որ փոխանակումը կարևոր քայլ է պատերազմի դադարեցման համար` շնորհակալություն հայտնելով Պուտինին և Զելենսկիին:
ԴԺՀ-ի տեղեկատվության փոխնախարար Դանիիլ Բեզսոնովը ճշտել է, որ փոխանակման արդյունքում Խարկովի ուղղությամբ գերի ընկած զինծառայողներ, ինչպես նաև ՌԴ ռազմական օդաչուներ են ազատ արձակվել: ԶԼՄ–ների տվյալներով՝ ազատ արձակվածների թվում է Վիկտոր Մեդվեդչուկը, որին Ուկրաինային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր պետական դավաճանության գործով: Ըստ տեղեկությունների` «Ազովի» հինգ պարագլուխները, որոնց վերադարձրել է ռուսական կողմը, մինչև ռազմական գործողությունների ավարտը կմնան Թուրքիայում և չեն կարողանա դուրս գալ այնտեղից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։