ՌԱԴԻՈ

Սյունիքն ու թուրքական նկրտումները. ի՞նչ աջակցություն կարող է ակնկալել Հայաստանն Իրանից

Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերիի հայտարարությանը, ըստ որի` Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն և անկայունություն լինի։
Sputnik
Իրանի լրատվական և փորձագիտական շրջանակներում վերստին ակտիվորեն քննարկվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, և այս բոլոր քննարկումների եզրահանգումը մեկն է` հայ–իրանական սահմանը չպետք է փոփոխության ենթարկվի։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Հայտնել ենք, որ Իրանի բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին այսօր «Սրբազան պաշտպանության շաբաթին» նվիրված զորահանդեսի իր ելույթում հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն և անկայունություն լինի։ Բարձրաստիճան զինվորականն ընդգծել է, որ Իրանը հետաքրքրված է տարածաշրջանի զարգացմամբ, ինչի համար պետք է, որ վտանգներ չլինեն։
«Իրանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ, և հենց այդ դիրքորոշման պատճառով անցյալ տարի Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները սրվեցին։ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերից ի վեր նման հայտարարություններ հնչում են, որովհետև ռազմական գործողություններն այն ժամանակ մոտենում էին Սյունիքին և ադրբեջանական ու թուրքական կողմում խոսում էին Սյունիքը գրավելու մասին։ Հենց այդ պահից Իրանը սկսեց հայտարարել իր կարմիր գծերի և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիության մասին։ Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից հրահրվող յուրաքանչյուր սրացման դեպքում Իրանը հանդես է գալիս նման հայտարարությամբ»,– ասաց իրանագետը։
Նրա կարծիքով` Իրանը դեռ կտրուկ գործողությունների չանցնելու պատճառներ ունի, ինչը պայմանավորված է նաև ներքին խնդիրներով։ Մյուս կողմից` միջուկային բանակցությունները մտել են փակուղի, և հույս չկա, թե կարող են մոտ ապագայում դրանք վերսկսվել, մինչդեռ միջուկային պայմանագրի կնքումից շատ բան է կախված։ Իրանում դժգոհությունների առիթ են տալիս նաև սոցիալ–տնտեսական խնդիրները, որոնք ցանկացած պահի կարող են մեծ ակցիաների պատճառ դառնալ։
«Հայաստանի տարածք մտնելն ու տեղում ռազմական գործողություններ իրականացնելը կնշանակի պատերազմել ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեմ, ինչն Իրանին ձեռնտու չէ առկա սոցիալ–տնտեսական պայմաններում։ Այդուհանդերձ, այս պահին հնարավոր չէ ասել, թե հարևան երկրի իշխանական վերնախավն ի վերջո ինչ որոշում կկայացնի»,– ասաց իրանագետը։
Հայկական կողմը, ըստ իրանագետի, ոչ թե պետք է ունենա ակնկալիք, որ Իրանը կգա և զորք կմտցնի Սյունիք, այլ շեշտը պետք է դնի ռազմական աջակցություն ստանալու վրա, օրինակ` ԱԹՍ–ների կամ այլ զինտեխնիկայի տեսքով։ Ըստ նրա` հաշվի առնելով առկա իրավիճակը, Իրանը կգնա այդ գործարքին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։