Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Շատ կարևոր է ունենալ փաստարկված տվյալներ. Վիկտորինը` Գրիգորյանին

Քրիստինե Գրիգորյանն ասել է` առաջին հերթին կարևոր է հանդիպել և զրուցել ադրբեջանական հարձակումից տուժած անձանց հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Շատ կարևոր է ունենալ փաստարկված տվյալներ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, տեղեկանում ենք ՀՀ ՄԻ պաշտպանի գրասենյակից։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՄԻՊ-ին փաստերի հավաքագրման և ավելի վաղ ուղարկված զեկույցների համար։
«Կարևոր է ունենալ փաստարկված տվյալներ, որ կարողանաք ասել՝ այո՛, սա փաստ է, սա ճշտված է»,–ասել է նա:
Քրիստինե Գրիգորյանն էլ իր հերթին հայտնել է, որ ՄԻՊ-ի թիմերը սեպտեմբերի 17-ին այցելել են ադրբեջանական հարձակումից տուժած բնակավայրեր Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում:
«Մեզ համար առաջին հերթին կարևոր է հանդիպել և զրուցել ադրբեջանական հարձակումից տուժած անձանց հետ»,- հանդիպման ընթացքում նշել է Գրիգորյանը։
Պաշտպանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին: Նա կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։