ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Տեղեկությունը հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Վարչապետի աշխատակազմն էլ հայտնում է, որ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։