ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ հանդիպումը կայացել է երեկ` սեպտեմբերի 21–ին։
«Ներկայացնելով սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի մանրամասները՝ Հայաստանի արտգործնախարարն առանձնահատուկ կարևորել է դրա հետևանքների վերացման և միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրին հասցեական և համարժեք արձագանքի, ադրբեջանական առավելապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրութան մեջ:
Միրզոյանը Լինդեին նաև ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործությունները, մասնավորապես` կին զինծառայողների նկատմամբ իրականացված անմարդկային վերաբերմունքի դեպքերը` ընդգծելով համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձ են կատարել հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ պատրաստակամություն հայտնելով գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտում փոխգործակցության խորացումը։ Մտքեր են փոխանակվել նաև միջազգային հարթակներում համագործակցության, ՀՀ-ԵՄ գործընկերության վերաբերյալ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։