«Մեծամոր» հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերել

Հնագետները պեղումների ժամանակ գտել են երկու կմախք, որոնց վրա եղել է ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից կախազարդեր, բրոնզից ապարանջաններ, անագից ճարմանդներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ-ի սեպտեմբերին մեկնարկած պեղումների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը հայտնաբերել է բացառիկ գտածոներ։ Հայտնում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` պեղումների արդյունքում հայտնաբերվել է փայտե դիապատգարակին կծկված, կոնքոսկրերի հատվածում մեկը մյուսի վրա տեղակայված երկու անհատներ:
«Մեծամոր» հնավայրից հայտնաբերված գտածոները
Նույն մակարդակի վրա բացվել են 10 ամբողջական խեցանոթներ, որոնց մի մասը տեղադրված էր դիապատգարակի տակ: Ստորին շերտում բացվել են ևս 8 ամբողջական անոթներ, որոնցից բացառիկ է կապտականաչավուն ջնարակապատ փոքրիկ սրվակը՝ իրանի վերին հատվածում պահպանված 2 միջանցիկ անցքերով:
Անհատների պարանոցի և կրծքավանդակի շրջանները զարդարված էին ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված տարատեսակ ուլունքահատիկներով, կախազարդերով: Անհատներից մեկի նախաբազկի ոսկրերին առկա էին բրոնզից ապարանջաններ, որովայնի հատվածում՝ անագից ճարմանդներ: Կմախքներից մեկի ձեռնաթաթի հատվածում եղել է անագե բարակ լարից մատանի:
«Մեծամոր» հնավայրից հայտնաբերված գտածոները
Նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անհատներն արական և իգական սեռի են: Իսկ դամբարանը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին քառորդով։
«Մեծամոր» հնավայրի տարածքում պեղումներն իրականացնում է հայ-լեհական արշավախումբը։ Հնագիտական աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասերում՝ միջնաբերդից արևելք տեղակայված քաղաքային թաղամասում և դամբարանադաշտի հատվածում: