ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ջերմուկ–Երևան–Ջերմուկ ուղղությամբ երթևեկող հանրային տրանսպորտն արդեն աշխատում է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Ջերմուկի համայնքապետարանի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին սկսված Ադրբեջանի ԶՈւ հարձակման հետևանքով անցած շաբաթ Վայք–Սիսիան ավտոճանապարհից դեպի Ջերմուկ գնացող հատվածը հսկում էին ոստիկաններն ու զինծառայողները։ Քաղաք մուտք գործել թույլ էին տալիս միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
«Ջերմուկ-Երևան ուղևորափոխադրումը կլինի ժամը 15:00–ին, իսկ Երևան-Ջերմուկ ուղևորափոխադրում` ժամը 10:00–ին։ Օգտվեք հանրային տրանսպորտից , որպեսզի ամեն ինչ անցնի բնականոն կյանքի»,– նշել է Ավետիսյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: