ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի զորավարժությունները կանցկացվեն Ղազախստանի տարածքում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ժամբիլի և Ալմաթիի մարզերում կանցկացվեն «Փոխգործակցություն 2022», «Որոնում 2022» և «Էշելոն 20222» զորավարժությունները ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այդ նպատակով սեպտեմբերի 22-30-ը հանրապետություն են ժամանում ՀԱՊԿ անդամ պետությունների զորակազմերը։
Նրանք կտեղաշարժվեն տարբեր միջոցներով` երկաթուղային, օդային տրանսպորտով և անվավոր ռազմական տեխնիկայով։
Զորակազմերի տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համակողմանի ապահովման հարցերը:
ՀԱՊԿ-ի կազմում վեց պետություն է ընդգրկված` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: