ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:
«Պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխությանն անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է: Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,–ասել է Ռայիսին՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
ՆԻկոլ Փաշինյանն իր հերթին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիային և դրա հետևանքներին։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության, այդ թվում` Իրանի համարժեք արձագանքի կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ
Փաշինյանն իր գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ փոխգործակցությունը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Նա սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։ Այսօր նախատեսվում է Փաշինյանի ելույթը։