Երևանի ավագանին սեպտեմբերի 23-ին կքննարկի Տիգրան Ավինյանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը

Տիգրան Ավինյանը. Արխիվային լուսանկար
Սեպտեմբերի 23–ին, ժամը 11-ին կգումարվի Երևանի ավագանու նիստը, որի օրակարգում առաջին հարցը Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարող է նշանակվել Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու նիստի օրակարգում։
Նշենք, որ Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը պետք է քննարկվեր դեռ սեպտեմբերի 13-ին, բայց ՀՀ–ի դեմ Ադրբեջանի սկսված ագրեսիայի հետևանքով Երևանի ավագանու նիստը հետաձգվել էր։
Այս պահին Երևանը չորս փոխքաղաքապետ ունի, տեղակալի ևս մեկ հաստիք էլ թափուր է։ Երևանի ավագանու հաջորդ ընտրությունները կկայանան 2023-ի աշնանը։
ՔՊ–ն հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Ընտրություններից մեկ տարի առաջ Տիգրան Ավինյանից բացի հայտնի է նաև քաղաքապետի երկու այլ թեկնածուի անուն՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել և երգիչ Ռուբեն Հախվերդյանը։