Չինաստանի արդարադատության նախկին նախարարին դատապարտել են մահապատժի

Չինաստանի դրոշը
Ամբաստանյալն ընդունել է մեղքը, զղջացել իր արարքի համար և վերադարձրել ապօրինի վաստակած միջոցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանի դատարանը երկրի արդարադատության նախկին նախարար, ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության նախկին փոխնախարար Ֆու Չժենհուային դատապարտել է մահապատժի։ Դատարանի որոշումը կկատարվի երկու տարի անց։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
Կոռուպցիոն հանցագործության գործով դատավճիռը հրապարակել է Ցզիլին նահանգի Չանչուն քաղաքի դատարանը:
«Ֆու Չժենհուան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար։ Դատավճռի կատարումը հետաձգվել է երկու տարով», - ասված է հաղորդագրության մեջ:
Դատարանը պարզել է, որ Ֆու Չժենհուան, չարաշահելով պաշտոնական դիրքը, աջակցել է անհատ բիզնեսմեներին և դրա դիմաց ստացել է կաշառք։ Նա նաև թաքցրել է իր կրտսեր եղբոր ենթադրյալ ծանր հանցագործությունների մասին ապացույցները:
Հետաքննության տվյալների համաձայն՝ Ֆու Չժենհուան ստացել է ավելի քան 117 մլն յուան (շուրջ 16,5 մլն դոլար) կաշառք:
Նշվում է, որ ամբաստանյալն ընդունել է մեղքը և զղջացել, ինչպես նաև վերադարձրել է ապօրինի վաստակած միջոցները: Դատարանը վճռել է, որ երկամյա տարկետումից հետո մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի:
Ֆու Չժենհուան 2013-2018 թվականներին զբաղեցրել է ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության ղեկավարի տեղակալի պաշտոնը, 2018-2020 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը:
Չինաստանի Կոմկուսի կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը Ֆու Չժենհուայի նկատմամբ հետաքննություն է ակսել դեռևս 2021 թվականի հոկտեմբերին՝ կոռուպցիոն հանցագործությունների կասկածանքով:
Վերջին մի քանի տարիներին կոռուպցիոն հանցագործությունների պատճառով հետաքննության տակ են հայտնվել ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարության ղեկավարի միանգամից մի քանի նախկին տեղակալներ: Լի Դունշենը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյը դատապարտվել է 13,5 տարվա ազատազրկման, իսկ Սուն Լցիզյունի դատավճիռը դեռ չեն հրապարակել։