Ասֆալտապատող 8 ընկերություն տուգանվել է հակամրցակցային պայմաններով աշխատելու համար

Ասֆալտապատում. Արխիվային լուսանկար
Երևանի քաղաքապետարանին տվել են նախազգուշացում, 8 ընկերություն տուգանվել է ընդհանուր առմամբ ավելի քան 130 մլն դրամի չափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Մրցակցության պետական հանձնաժողովը (ՄՊՀ) ուսումնասիրել է Երևան քաղաքապետարանի կողմից 2017-2021 թվականների ընթացքում ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման և հողային պաստառով (գրունտային) փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար հայտարարված գնման ընթացակարգերը և 27 տնտեսավարողների նկատմամբ հարուցել է վարույթ: Տեղեկությունը հաղորդում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ գնման ընթացակարգերի մասնակից 8 ընկերություն գործել են համաձայնեցված։ Այսինքն՝ մշակել են գնման ընթացակարգերին մասնակցելու այնպիսի մեխանիզմ, որի միջոցով հնարավորություն են ստացել ընտրված մասնակից ճանաչվել նախապես՝ միմյանց հետ պայմանավորված չափաբաժինների մասով:
Այս առիթով ՄՊՀ-ն Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում՝ հակամրցակցային գործողություն իրականացնելու համար:
8 ընկերություն տուգանվել է ավելի քան 130 մլն դրամի չափով՝ հակամրցակցային համաձայնության կնքման համար։ 19 ընկերության նկատմամբ վարույթը կարճվել է: