ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի փլուզման պատճառով 3 տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի ԲԿ»։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա նշել է, որ ներկա պահին տուժածները հետազոտվում են, նրանց առողջական վիճակը, նախնական տվյալներով, գնահատվել է բավարար։
Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ «Սուրմալուում» պայթյունի հետևանքով տուժածներն ունեն սալջարդեր ու քերծվածքներ:
Հիշեցնենք` այսօր ժամը 17։45–ի սահմանում, քամու պատճառով կիսով չափ փլուզվել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքը, որը օգոստոսի 14–ի պայթյունից հետո վթարային վիճակում էր։
Օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։