Շոյգուն ներկայացրել է ռուսական և ուկրաինական բանակների մարդկային կորուստները

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. Արխիվային լուսանկար
Ուկրաինական բանակը, ըստ Շոյգուի, կորցրել է իր մարտիկների գրեթե կեսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի կորուստները կազմել են 5937 մարդ։ Այս մասին այսօր «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Իսկ ուկրաինական կողմի զոհերն ու վիրավորները, ըստ Շոյգուի, շուրջ 100 000 են։
«Սկզբնական փուլում Ուկրաինայի զինված ուժերը կազմում էին 201-202 հազար մարդ, այս ընթացքում նրանց կորուստները գերազանցել են 100 հազարը։ Նրանցից 61 207–ը զոհվել է, 49 368–ը` վիրավորվել։ Բանակի գրեթե կեսը կորսված է»,- ասել է Շոյգուն։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մասնակի զորահավաք է հայտարարել։ Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է և այսօրվանից մտնում է ուժի մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 209-րդ օրը։