ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքի ընթացքում կզորակոչվի 300 000 մարդ. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. Արխիվային լուսանկար
ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է, որ զորակոչված պահեստազորը նախ վերապատրաստում կանցնի, որից հետո նոր կուղևորվի առաջադրանքներ կատարելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքի ընթացքում կզորակոչվեն 300 000 պահեստազորայիններ։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նաև հայտարարել է, որ ուսանողներին զորակոչելու մասին ոչ մի խոսք չկա, իսկ ժամկետային զինծառայողները հատուկ գործողություններին չեն մասնակցի։
«Ռուսաստանն ունի մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս, գրեթե 25 մլն մարդ։ Դրանց 1%-ից մի փոքր ավելին է ներգրավվելու մասնակի զորակոչին»,- ասել է Շոյգուն։
ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ զորակոչված պահեստազորը նախ վերապատրաստում կանցնի, որից հետո նոր կուղևորվի առաջադրանքներ կատարելու։ Նրա խոսքով` պահեստազորայիններն առաջին հերթին կգնան վերահսկելու արդեն իսկ գրավված տարածքները շփման գծից այն կողմ։
«Շփման գիծը, որն այս պահին շուրջ 1000 կմ երկարությամբ է, կարող եք անվանել առաջնագիծ։ Հետևաբար այն, ինչ դրա հետևում է, պետք է ապահովվի, այդ տարածքները պետք է վերահսկվեն։ Զորահավաքն առաջին հերթին հենց այդ նպատակով է կատարվում»,- ասել է Շոյգուն։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մասնակի զորահավաք է հայտարարել։ Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է և այսօրվանից մտնում է ուժի մեջ։