Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Քաղաքացու վիճակն արդեն կայուն է. Ավանեսյանը` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորի մասին

Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարարն ասաց` այն, որ վիրավոր քաղաքացու վիճակն անկայունից դարձել է կայուն, արդեն լավ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ռազմական գործողությունից վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Սեպտեմբերի 19-ին առողջապահության նախարարությունը հայտնել էր` հրետակոծության հետևանքով վիրավորված քաղաքացիական 7 անձից 3-ը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր ԲԿ–ներում: Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
«Այս պահին այդ մեկ քաղաքացու վիճակը կայուն ծանր է։ Բժիշկներն ամեն ինչ անում են, որ դրական դինամիկա ունենանք, այսինքն` այն, որ նրա վիճակը կայուն է, արդեն իսկ լավ է»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց մեծ մասը դուրս են գրվել հիվանդանոցներից։ Այս պահին տարբեր ԲԿ-ներում բուժում ստացողների առողջական վիճակի մեջ դրական դինամիկա կա։
Հավելենք, որ Ավանեսյանը հրաժարվեց վիրավորում ստացածների թիվ հրապարակել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Որևէ վնաս արձանագրված չէ. Թորոսյանը` Ներքին Հանդի ուղղությամբ երեկվա կրակոցների մասին
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։