Պուտինը մասնակի զորահավաք է հայտարարել Ռուսաստանում

ՌԴ նախագահը հայտարարել է, որ հատուկ գործողության հիմնական նպատակները մնում են անփոփոխ, ԼԺՀ-ն ամբողջությամբ ազատագրվել է, ԴԺՀ-ն՝ մասնակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարել։ Այդ մասին նա ասել է ժողովրդին հղված ուղերձում։
«Ազատագրված տարածքներում մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ եմ համարում պաշտպանել ՊՆ և ԳՇ առաջարկը՝ մասնակի մոբիլիզացիա անցկացնելու վերաբերյալ»,- ասել է նա։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հատուկ գործողության հիմնական նպատակները մնում են անփոփոխ, ԼԺՀ-ն ամբողջությամբ ազատագրվել է, ԴԺՀ-ն՝ մասնակի։
Համապատասխան հրամանագրում մասնավորապես նշված է.
Զինվորական ծառայության կզորակոչվեն միայն այն քաղաքացիները, ովքեր գտնվում են պահեստազորում և, առաջին հերթին` զինված ուժերում ծառայած, զինվորական որոշակի մասնագիտությունների և համապատասխան փորձի առկայության դեպքում,
Նախքան զորամասեր ուղարկելը նրանք անպայման լրացուցիչ զինվորական պատրաստություն կանցնեն։
Պաշտպանական ձեռնարկությունների նյութական, ռեսուրսային և ֆինանսական աջակցության բոլոր հարցերը պետք է լուծվեն կառավարության կողմից անհապաղ։
Ռուսաստանին խնդրել են աջակցել հանրաքվեներին` ապահովելու դրանց անվտանգ անցկացումը։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում բռնաճնշումների ռեժիմն ամրապնդվել է ամենադաժան ձևով` ահաբեկման, ահաբեկչության, բռնության քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի սարսափելի բարբարոսական ձևեր է ստանում։
«Մենք բարոյական իրավունք չունենք մեր մտերիմ մարդկանց հանձնել դահիճին` նրա կողմից կտոր-կտոր արվելու, չենք կարող չարձագանքել սեփական ապագան որոշելու նրանց ցանկությանը»,– հայտարարել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ Արևմուտքի նպատակն է այս կերպ թուլացնել, պառակտել ու կործանել Ռուսաստանը։
Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Արևմուտքն ուղղակի ասում է, որ 1991 թվականին կարողացել է պառակտել ԽՍՀՄ-ը, և հիմա եկել է ժամանակը նաև Ռուսաստանի Դաշնությունը բազմաթիվ պատերազմող շրջանների բաժանելու։
«Ուկրաինացի ժողովուրդը վերածվել է թնդանոթի մսի։ ԼԺՀ–ն գրեթե ամբողջությամբ մաքրված է նեոնացիստներից։ Դոնեցկի Հանրապետությունում մարտերը շարունակվում են։ Այստեղ Կիևի ռեժիմը ստեղծել է ամրությունների խորը գիծ։ Ես արդեն հանձնարարականներ եմ տվել կառավարությանը, ՊՆ-ին ամբողջությամբ և ամենակարճ ժամկետներում ճշտելու ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի կամավորների և մարտիկների իրավական կարգավիճակը։ Այն պետք է լինի նույնը, ինչ սովորական զինվորականներինը՝ ներառյալ բժշկական օգնությունը, սոցիալական երաշխիքները»,– նշված է հրամանագրում։