«Պարտությունը մեզ չպետք է խանգարի պայքարել անկախության համար»․ Լինքոլն

Բողոքի ակցիայի մասնակիցներ. արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ 1991 թվականի սեպտեմբերին հռչակված անկախությանը մենք հասանք պատմական բավական հարուստ պաշարով. չէ՞ որ շատ ազգեր, որոնք այն ժամանակ նույնպես անկախացան, դրանից առաջ, ի տարբերություն հայերիս, ընդհանրապես երբեք պետություն չէին ունեցել։
Sputnik
Ճիշտ է` անցած 30 տարիները ակնհայտորեն ցույց տվեցին, որ դա բացարձակ որևէ նշանակություն չունի, և նորանկախ հանրապետությունների զարգացումը բոլորովին այլ, շատ կոնկրետ գործոններով և հանգամանքներով է պայմանավորված։
Հայաստանցու միջին աշխատավարձը երբեք չես համեմատի այն աշխատավարձի հետ, որը վճարում են Էստոնիայում՝ թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ երկիրը հսկայական աջակցություն է ստանում Եվրամիությունից և Սովետի փլուզումից հետո որևէ ռազմական գործողություն չի տեսել։ Այնինչ Հայաստանը միանգամից հայտնվել է շրջափակման մեջ և ընդամենը երեք տասնամյակի ընթացքում արդեն չորրորդ անգամ ստիպված է դիմակայել ագրեսիային։ Սա երբեք չպիտի մոռանանք` հերթական անգամ բողոքելով ցածր կենսամակարդակից և անխտիր բոլոր իշխանություններից։
Ի դեպ, նույն իրողությունը փաստում են նաև օտարերկրյա մասնագետները։ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների Ազգային ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Գոնտմախերը, օրինակ, ասում է. «Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից չի շահել. իրենց դերն են խաղացել Ղարաբաղյան հակամարտությունը և Թուրքիայի կողմից շրջափակումը։ Իսկ Ադրբեջանի բախտը բերել է՝ Բաքուն նավթ ունի»։ Հետինդուստրիալ հասարակության հետազոտական կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Ինոզեմցևը մանրամասնում է. «Եթե մի կողմ թողնենք Մերձբալթիկան, որն օգտվել է Եվրամիության հնարավորություններից, այժմ հետխորհրդային տարածքում ջրբաժանն անցնում է բնական պաշարներ արդյունահանող պետությունների և այն հանրապետությունների միջև, որոնք այդպիսի պաշարներ չունեն։ Եթե ռեսուրսներ կան, տնտեսական աճն էլ նկատելի է»։
Այնուամենայնիվ, այնպես չէ, որ Հայաստանը տնտեսական առումով խիստ հետ է մնացել նախկին խորհրդային մյուս հանրապետություններից։ Ընդհակառակը` որքան էլ զարմանալի թվա, որոշ բնագավառներում մեր դիրքերն առաջատար են։ Օրինակ` մեկ շնչին ընկնող ներքին համախառն արդյունքը դոլարային արտահայտմամբ Հայաստանում աճել է 21 անգամ, այնինչ Էստոնիայում՝ ընդամենը 15 անգամ։ Իրականում սա բացատրվում է նաև նրանով, որ ժամանակին մեկ շնչին ընկնող եկամուտը Հայաստանում բավական համեստ է եղել։ Այնուհանդերձ, Համաշխարհային բանկը դրական է գնահատում Հայաստանի տնտեսական զարգացումը` նշելով՝ եթե 1991 թվականին ներքին համախառն արդյունքը կազմում էր 2 միլիարդ դոլար, ապա 2020 թվականին՝ գրեթե 13 միլիարդ դոլար։ Բոլոր դեպքերում մեր ղեկավարները աճի բարձր տեմպերը միշտ հպարտությամբ ներկայացրել են որպես իրենց վարած իմաստուն քաղաքականության արդյունք։ Թող այդպես լինի։
Թագավորների անհոգ կյանքի վերաբերյալ մեր պատկերացումները խիստ չափազանցված են
Իհարկե, անկախության տարիների ձեռքբերումները զուտ տնտեսական ցուցանիշներով չեն սահմանափակվում։ Վերցնենք կրթական ոլորտը։ Իրական վիճակի մասին հնարավոր չէ դատել բարձրագույն կրթություն ստացածների տոկոսով կամ բուհերի քանակով։ Փորձագետները պնդում են՝ այդ բարձր ցուցանիշները չափազանց խաբուսիկ են. բուհերում մասնագետներ են պատրաստում այն բնագավառների համար, որոնք նախկինում հեղինակավոր ու պատվաբեր էին համարվում, այնինչ հիմա արդեն ամենևին այդպես չէ։ Դասավանդման մակարդակն էլ այդ բուհերում սարսափելի ցածր է։
Համաձայնեք՝ այս գնահատականները առաջին հերթին վերաբերում են հենց Հայաստանին, որտեղ մի ժամանակ սնկի նման աճում էին նոր բուհերը, իսկ հիմա նույնիսկ պետական ուսումնական հաստատություններում մեծ թվով թափուր տեղեր կան։ Երիտասարդները հասկացել են՝ մի բուհ, որն անընդհատ գովազդում է իրեն, բայց իրականում աշխարհի 3000 համալսարանների ցանկում էլ չկա, դժվար թե որևէ օգուտ տա իրեն։ Ու գնում են… Պաշտոնական տվյալներով` 1991 թվականին Հայաստանի բնակչությունը կազմում էր 3 ու կես միլիոն, 2021 թվականին արդեն 3 միլիոնին չէր հասնում։
ԵՎ ամենակարևորը՝ այդպես էլ չկարողացանք լուծել Արցախի խնդիրը։ Եկեք խոստովանենք՝ հենց սկզբից էլ այդ հարցում որևէ կոնկրետ տեսլական չունեինք։ Սկզբից վերամիավորման որոշում կայացրինք, բայց անկախության հանրաքվեն միայն Հայաստանի տարածքում անցկացրինք։ Անընդհատ քննարկում էինք Ղարաբաղը ճանաչելու հնարավորությունը, բայց նույնիսկ վերջին պատերազմի ժամանակ չդիմեցինք այդ քայլին։ Ու այսօր էլ պարզ չէ՝ եթե Հայաստանի իշխանությունները այլևս կարգավիճակի մասին չեն խոսում, այլ առաջնային են համարում արցախցիների անվտանգությունն ու իրավունքները, ինչո՞ւ բացարձակ որևէ բան չեն ասում, թե ինչպես են ապահովելու այդ անվտանգությունն ու իրավունքները։
Այո՛, բավական անորոշ վիճակում ենք նշում անկախության 31-րդ տարեդարձը, բայց չմոռանանք Ամերիկայի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի խոսքերը. «Մենք կարող ենք պարտություն կրել ռազմի դաշտում, բայց դա չպետք է խանգարի մեզ պայքարել հանուն այն նպատակի, որն արդար ենք համարում, հանուն ազատության և անկախության»։
«Քարտեզային պատերազմը» հետխորհրդային երկրներում. խաղաղության դարաշրջանի հեռանկարն անորոշ է
Մահապատժի վերացում. ուզում ենք լինել Եվրախորհրդի անդամ՝ առանց կատարելու նրա պահանջները