«Նոա» ակադեմիայի սաներից 2-ը զոհվել են ՀՀ–ի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով

Եռաբլուր
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված տղաները 19 տարեկան էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. «Նոա» ակադեմիայի սաներից 2–ը Հայաստանի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի զոհ են դարձել: Տեղեկությունը հայտնում է ակումբը:
«Խոր ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով հերոսաբար զոհվել են 19-ամյա Հենրիկ Սաֆարյանը և Հայկ Հակոբյանը։ Աստված հոգիներդ լույսի մեջ պահի, սիրելի Հենրիկ և Հայկ։ «Նոա» ակումբի և ակադեմիայի անունից ցավակցություն ենք հայտնում Հենրիկի և Հայկի ընտանիքներին և բոլոր մտերիմներին։ Հավերժ փառք հերոսներին»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: