ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ի ամրության համար Հայաստանը նույնպես իր ներդրումը պետք է ունենա։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով ՀԱՊԿ–ից դուրս գալ-չգալու հարցին։
Օհանյանը նշեց, որ պետք է պետք է իրավիճակին ռեալ նայել և տեսնել, թե ինչ աշխարհագրական դիրքում ենք։ Նրա խոսքով` թեև գտնվում ենք Արևմուտքի և Արևելքի հատման կետում, սակայն աշխարհագրությամբ ավելի շատ հավաքական անվտանգության տարածաշրջանին ենք մոտ։
«Տարիներ ի վեր ՀՀ–ն լուրջ աշխատանք է կատարել հատկապես ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ։ Այսինքն, գոնե 3 ուղղություններով մենք օրինակելի ենք եղել` օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, խաղաղապահ ուժերի ձևավորման և ռազմական կոմիտեն ստեղծելու առումով։ Յուրաքանչյուր կազմակերպություն ունի ինչպես լավ կողմեր, այնպես էլ թերություններ. նույն թերություններն ունի նաև ՆԱՏՕ–ն։ Այսինքն` ՆԱՏՕ–ում էլ կան երկրներ, որոնք խնդիրներ ունեն իրար հետ` Հունաստանն ու Թուրքիան»,–ասաց Օհանյանը։
Նա հարցրեց` ի՞նչ են արել ՀՀ գործող իշխանությունները ՀԱՊԿ–ի ընթացակարգերն ամրապնդելու համար։ Օհանյանը նշում է, որ մինչև ՀԱՊԿ–ին դիմելը, ՀՀ իշխանությունները ներսում պետք է քայլեր անեին, օրինակ, մոբիլիզացիա իրականացնեին։
Օհանյանը հավելեց, որ այսօրվա իշխանությունները պարտվողական կերպարի մեջ են և բանակցել չեն կարողանում։ Իսկ բանակցողին փոխելով, ըստ նրա, կփոխենք ամեն ինչ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Հայաստանն էլ ՀԱՊԿ–ին դիմել էր 4-րդ հոդվածով, այն է` ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար։
ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խումբը` ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ առաքելությունը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 15–ին։
Սեպտեմբերի 20-ին Հայաստան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։