ՌԱԴԻՈ

Նման բացահայտ վայրենություն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ չէր եղել. Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպին, որտեղից ոստիկանները զոհված զինծառայողների 37 ծնողի բերման են ենթարկել։
Sputnik
Զոհված զինծառայողների ծնողների հանդեպ նման բացահայտ վայրենություն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ չէր եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` մեկնաբանելով Եռաբլուրում այսօր տեղի ունեցած միջադեպը։
Երեկ երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Այսօր, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։
Ոստիկանապետը հանձնարարել է ուսումնասիրել Եռաբլուրում ոստիկանների գործողությունները
«Ոմանք այդ վայրենությունը համեմատել են տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ, երբ նախագահականի մոտից հեռացրել էին սևազգեստ մայրերին։ Ես, իհարկե, չեմ արդարացնում նրանց հանդեպ կատարվածը, բայց այս երկու միջադեպերը միանգամայն տարբեր են։ Այն ժամանակ որդեկորույս մայրերին ուղղակի հեռացրին։ Նրանց ցավը, անշուշտ, մեծ է, սակայն նրանց որդիները զոհվել են ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։ Նրանք մի քանի հոգի էին։ Այստեղ համեմատության եզրեր չկան։ Պատերազմում զավակներ կորցրած ծնողները հսկում էին իրենց որդիների գերեզմանները, նրանց մոտեցան կարմիր բերետավորներն ու բռնապետի հրահանգով բիրտ ուժով հեռացրին զոհված հերոսների ծնողներին»,– ասաց իրավապաշտպանը։
Իշխանյանի դիտարկմամբ` նման երևույթ նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել, դա անբարոյականության շքերթ է։ Այդքանից հետո իշխանական վերնախավը գնում է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու, մինչդեռ իրականում, ըստ իրավապաշտպանի, ուղղակի պղծեցին մեր հերոսների հիշատակը։ Ըստ նրա` տվյալ պարագայում մարդու իրավունքների խախտման մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։
Անդրադառնալով նաև այն իրողությանը, որ զոհված զինծառայողների ծնողները պանթեոնից հեռացրին ՀՀ վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի կողմից բերված ծաղկեպսակները, Իշխանյանն ընդգծեց, որ ծնողների զայրույթը միանգամայն հասկանալի է։
«Այդ ծաղկեպսակների մեջ ցավ չկար, հակառակը` ամբողջ իշխանական վերնախավն է պատասխանատու այդ զոհերի համար, իշխանավորներն առհասարակ ցավ չեն ապրում կատարվածի համար։ Ծնողների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքը վկայում է, որ իշխանական վերնախավի հարգանքի տուրքը կեղծ էր»,– ասաց Իշխանյանը։
Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Եռաբլուրից ոստիկանություն է տարվել 37 անձ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածի հիմքով` ոստիկանի պահանջը չկատարելու համար։ Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողներն ազատ են արձակվել։