ՆԱՏՕ-ն ՌԴ միջուկային ուժերի պատրաստվածության մեջ փոփոխություններ չի տեսնում. Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգ
Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին հայտարարության ֆոնին ՆԱՏՕ-ն կշարունակի օգնել Ուկրաինային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը փոփոխություններ չի տեսնում Ռուսաստանի միջուկային ուժերի պատրաստվածության մեջ:
«Մինչ օրս մենք որևէ փոփոխություն չենք տեսնում միջուկային ուժերի պատրաստվածության մեջ, բայց ուշադիր հետևում ենք և պահպանում զգոնությունը», - ասել է նա «Ռոյթերս» գործակալությանը։
Ստոլտենբերգն ավելացրել է, որ Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին հայտարարության ֆոնին ՆԱՏՕ-ն կշարունակի օգնել Ուկրաինային:
Վլադիմիր Պուտինն այսօր հանդես է եկել ուղերձով և հայտարարել ՌԴ-ում մասնակի զորահավաքի մասին։ Նա նշել է, որ Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում կօգտագործվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 209-րդ օրը։