Մեր երկրների միջև բարեկամությունը հին է և ամուր. Մակրոնը շնորհավորել է Խաչատուրյանին

Էմանուել Մակրոնը Երևանում. Արխիվային լուսանկար
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը հաստատակամ է շարունակել գործունեությունը՝ հօգուտ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից։
«Թանկագի՛ն պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ հղում եմ Ձեզ, ինչպես նաև բարեկամ հայ ժողովրդին, խաղաղության, երջանկության և բարգավաճման բարեմաղթանքներս։ Մեր երկու երկրների միջև բարեկամությունը հին է և ամուր։ Մենք օրինակելի համագործակցություն ենք զարգացնում բոլոր ոլորտներում»,–ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նա շեշտել է, որ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։
«Ֆրանսիան հաստատակամ է շարունակել իր գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման։ Մենք վճռականորեն օժանդակում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի կարգավորմանը»,–ասել է նա։
Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան իր աջակցությունն է ցուցաբերում ի նպաստ Եվրամիության ջանքերի՝ առաջ մղելու կողմերի միջև երկխոսությունը՝ միաժամանակ մնալով լիովին հանձնառու Մինսկի խմբի համանախագահի իր դերում։
«Այս առումով կարող եք ապավինել նաև իմ անձնական հանձնառությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշված է ուղերձում։
Նշենք, որ Հայաստանի անկախության տոնի առթիվ այսօր արդեն շնորհավորական ուղերձներ էին հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
Այս տարի Անկախության տոնին նվիրված բոլոր տոնակատարությունները չեղարկվել են Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով։