Մակրոնը միջազգային հանրությանը հորդորել է ուժեղացնել Պուտինի նկատմամբ ճնշումը. ԶԼՄ

Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ մասնակի զորահավաքի մասին որոշումից հետո Ռուսաստանն ավելի կմեկուսանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Ռուսաստանում մասնակի զորահավաք անցկացնելու որոշման մասին և միջազգային հանրությանը կոչ է արել ուժեղացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ճնշումը: Նա այդ մասին ասել է Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին։
«Պուտինի որոշումները կհանգեցնեն նրան, որ Ռուսաստանն ավելի կմեկուսանա»,– Մակրոնի խոսքը փոխանցում է AFP գործակալությունը:
Վլադիմիր Պուտինն այսօր հանդես է եկել ուղերձով և հայտարարել ՌԴ-ում մասնակի զորահավաքի մասին։ Նա նշել է, որ Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում կօգտագործվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 209-րդ օրը։