Կարևոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը և արարելու հանուն անկախության․ ԱԺ նախագահ

Ալեն Սիմոնյան. Արխիվային լուսանկար
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Անկախության 31-րդ տարեդարձի առիթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Մեր հայրենիքի համար այս օրերին, երբ ծանր կորուստներ ենք կրել, կարևոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու և արարելու հանուն անկախության, հանուն ապագայի: Անկախության 31-րդ տարեդարձի առիթով հղած իր ուղերձում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Երախտիքի և շնորհակալության խոսքեր ենք հղում անկախության գաղափարին անմնացորդ հավատարիմ, բազում զրկանքներ և մարտահրավերներ կրած մեր եղբայրներին և քույրերին: Հարգանք և խոնարհում 31 տարվա ընթացքում հայրենիքի, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը չխնայած քաջերին»,- նշված է ուղերձում:
Նշենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
Այս տարի Անկախության տոնին նվիրված բոլոր տոնակատարությունները չեղարկվել են Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով։