ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnuk. Հնդկաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի թվիթերյան գրառմանը:
Վերջինս ավելի վաղ Միրզոյանին շնորհավորել էր Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։
«Լավագույն մաղթանքները իմ գործընկերոջը` արտգործնախարար Արարատ Միրզոյանին, Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։ Մեր պատմական կապերը և դիրքորոշումների ներկայիս նմանությունը որոշում են մեր համագործակցությունը»,- գրել է Ջայշանկարը:
Ի պատասխան Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան` ընդգծելով Հնդկաստանի հետ հարաբերությունների կարևորությունը մեր երկրի համար:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի արտգործնախարարը 2021թ.-ի հոկտեմբերին պաշտոնական այցով ժամանել էր Հայաստանում։