Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀՀ ՄԻՊ–ը ԵԽ անդամներին ներկայացրել է Հայաստանի վրա Բաքվի հարձակման մանրամասները

Քրիստինե Գրիգորյանը Մարտինա Շմիդտին տեղեկացրել է սեպտեմբերի 17-ին ՄԻՊ փաստահավաք խմբի կողմից Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր կատարած այցի արդյունքների մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ տվյալներ։ Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների և ադրբեջանական էթնիկ հայատյացության քաղաքականության մասին»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշված բոլոր փաստերն ամփոփվել են սեպտեմբերի 16-ին հրապարակված` մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում:
Պաշտպանը տեղեկացրել է սեպտեմբերի 17-ին ՄԻՊ փաստահավաք թիմերի կողմից Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի՝ հարձակումից տուժած համայնքներ կատարած այցի արդյունքների մասին:
Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և արդյունավետ կապի ու համագործակցության համար շնորհակալություն հայտնել ԵԽ երևանյան գրասենյակին:
Մարտինա Շմիդտը Քրիստինե Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է, որ Եվրոպայի խորհուրդը ընթացիկ ծրագրերի միջոցով հանձնառու է աջակցելու մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։