ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն «Այո» են ասել Անկախությանը և շատ կարևոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն: Այս մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։
Հիշեցվում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեին մասնակցած 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը կողմ է քվեարկել ԽՍՀՄ-ի կազմից դուրս անկախ Հայաստան ունենալու վերաբերյալ հարցին։
«1991-ի սեպտեմբերի 21-ին Այո ասած սերունդը լիուլի և արժանապատիվ կրեց այդ պատասխանատվությունը՝ իր ուսերին կրելով պատերազմի, տնտեսական դժվարությունների, սոցիալական հուսահատության ծանրությունը: Եվ այսօր Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի օրը նախևառաջ իմ խոնարհումի ու ակնածանքի խոսքերն եմ ուզում ասել այդ սերնդին, առաջին հերթին մեր այն նահատակներին, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Անկախության, հանուն Պետականության, այն մարդկանց, ովքեր նորանկախ երկրի կոչով սեփական կյանքն ու բարեկեցությունը զոհաբերելով են նաև Այո ասել Անկախությանը»,-մասնավորապես նշված է ուղերձում։
Վարչապետը շեշտում է՝ 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել և Անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր:
«Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն «Այո» են ասել Անկախությանը և շատ կարևոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն: Սահմանին աներեր կանգնած զինվորը «Այո» է ասում Անկախությանը և չափազանց կարևոր է, որ նրա «Այո»-ն իր արձագանքը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլև մեր գործերում:
Եվ կարևոր է, որ Անկախությանը ասենք «Այո», Ինքնիշխանությանը ասենք «Այո», ժողովրդավարությանն ասենք »Այո» և այդ «Այո»-ն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ «Այո»-ն ամենաշատն անհրաժեշտ կլինի»,-նշված է շնորհավորական ուղերձում:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշվում է Անկախության օրը։ Նախատեսված էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը հետաձգվել է անորոշ ժամանակով։
Այլ միջոցառումներ պլանավորված չեն