Անկախությունը հայ ժողովրդի համար երբեք ինքնանպատակ չի եղել. ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյան. Արխիվային լուսանկար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը անկախության 31-րդ հոբելյանի առիթով ուղերձ է հղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն անկախության 31-րդ տարեդարձը նշում է իր համար ծանր ու փորձություններով լի մի ժամանակաշրջանում։ Անկախության օրվա առիթով իր ուղերձն այսպես է սկսել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Oրեր առաջ հերթական անգամ մեր մարտիկներն իրենց կյանքը զոհեցին հանուն մեր երկրի անկախության ու հայրենիքի սահմանների պաշտպանության՝ իրենց զոհաբերությամբ ավանդելով ու պարտավորեցնելով բոլորիս լինել միաբան ու հզոր, որովհետև նրանք ընկան հանուն ազատ ու անկախ ապրելու մեր անքակտելի իրավունքի պաշտպանության։ Եվ այսօր մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ»,- ասված է ուղերձում։
Նախագահը նշել է, որ անկախությունը հայ ժողովրդի համար երբեք չի եղել ինքնանպատակ կամ զուտ վերացական մի ձևակերպում և այդ վճիռն այսօր էլ չի փոխվել՝ անկախ դժվարություններից:
«Վերջին երեք տասնամյակը գալիս են ապացուցելու մի պարզ ճշմարտություն, որ անկախությունը գործողություն է, շարժում և շարունակական պայքար՝ հանուն մեր վաղվա օրվա, մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի»,- նշում է նախագահը:
Ուղերձի վերջում նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է տոնի կապակցությամբ, լիահույս լինելով, որ ցանկացած մարտահրավեր ու խոչընդոտ հաղթահարելի է մեր հավաքական կամքի ու հավաքական միասնության համար։
Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն «Այո» են ասել Անկախությանը. Փաշինյան
Հիշեցնենք , որ այսօր Հայաստանում նշվում է անկախության օրը։ 1991 թվականի հենց այս օրը հայ ժողովուրդը անկախության հանրաքվեին կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար։ Հայաստանը լիակատար անկախություն ձեռք բերեց նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։
Նշենք նաև , որ ամեն տարի այս օրը Հայաստանի բոլոր քաղաքներում կազմակերպվում են տոնական միջոցառումներ, սակայն այս տարի բոլոր միջոցառումները հետաձգվեցին՝ երկրում պատերազմական իրավիճակի պատճառով։