ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Անկախության հերթական հոբելյանը Հայաստանը դիմավորում է պետականության կորստի լուրջ սպառնալիքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պատմաբան, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը` անդրադառնալով Անկախության 31-րդ տարեդարձին։
«Ունենք տարածքային կորուստներ, այս անգամ արդեն` մեր սուվերեն տարածքից։ Սա ապացուցում է, որ պնդումը, թե Արցախը տանք` հանգիստ կապրենք, սին է ու փուչ։ Իսկ այսօրվա իրավիճակն ապացուցում է, որ թուրք– ադրբեջանական տանդեմն այլ օրակարգ ունի հայության ու հայկական պետականության հանդեպ»,- նշեց Հովհաննիսյանը։
Պատմաբանի կարծիքով` ներքին և արտաքին մարտահրավերները Հայաստանում ասես փոխկապակցված լինեն։ Նա համոզված է, որ իշխանության հնչեցրած խաղաղության օրակարգը ոչնչով հիմնավորված չէ։
«Խաղաղություն բոլորն են ուզում։ Չկա մի ազգ, որ այն չցանկանա, բայց օդի մեջ խաղաղություն մուրալով` ի վերջ ստանում ես պատերազմ, դա ակնհայտ է։ Եթե մոտ 1000 տարի չի ստացվել թուրքի հետ խաղաղություն հաստատել, ապա ինչո՞ւ պետք է հիմա ստացվի, ի՞նչ է փոխվել»,- ասում է պատմաբանը։
Համեմատելով Հայաստանի այսօրվա վիճակը պատմական այլ դարաշրջանների հետ` պատմաբանը նշեց, որ իրավիճակը շատ նման է 100 տարի առաջ ստեղծված իրավիճակին։
Ըստ Հովհաննիսյանի` այն ժամանակ նույնպես կորցնում էինք պետությունը, բայց չէինք զգում, թե որոնք են գերտերությունների շահերն ու հետաքրքրությունները։
«Ամենամեծ խնդիրն այն է, որ մենք վերջին շրջանում, ինչպես և 100 տարի առաջ, ոչ թե օրակարգ ենք ստեղծում, այլ պարզապես գնում ենք իրադարձությունների հետևից ու փորձում ենք հետևանքները վերացնել։ Փաստորեն` պատմության դասերն այդպես էլ չենք կարողանում սովորել»։
Նա հավելում է, թե Հայաստանը կրկին կարող է «կոտրած տաշտակի առաջ կանգնել», եթե չգիտակցի, թե որտեղ է իր իրական շահը։
Պատմաբանն օրինակ է բերում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան ու նշում, որ նրա խոսքում հստակ մեսիջներ կային, որից Հայաստանը պետք է հետևություններ անի։ Դրանցից մեկն այն է, որ իրենք այս չափով են պատրաստ կանգնել Հայաստանի կողքին` ավելի մեծ ռեսուրս չունեն կամ պատրաստ չեն ավելի մեծ ներդրումներ ունենալ։ Այնպես որ, ըստ Հովհաննիսյանի, ոգևորվել, էյֆորիկ տրամադրություններ ունենալ, հույսը կապել կես արտահայտությունների, կես մեսիջների հետ և հետո սառը ցնցուղի էֆեկտի տակ ընկնել, խիստ վանգավոր է։
Էդգար Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ անկախության պահպանման գինը տարածքների ամրապնդումն է, այլ ոչ թե այս կամ այն տարածքը զիջելը։
«Անկախությունը պահպանելու համար ռազմական նշանակություն ունեցող տարածքներ են պետք։ Միայն Երևանով ու Սևանով անկախություն պահել հնարավոր չի լինի, այդպես մենք կդառնանք սիմվոլիկ մի տարածք`պայմանական հայերով բնակեցված»,–նշեց նա։
Պատմաբանը խիստ վտանգավոր, հակահայկական ու հակապետական է որակում տեսակետը, թե հողեր հանձնելով` հայերը հանգիստ կապրեն։ Ավելին` պնդում է, որ պետք է ամեն ինչ անել տարածքների ամրապնդման համար, քանի որ միայն դա կամրապնդի Հայաստանի անկախությունը։