Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավոր ունենք

ՊՆ
Ադրբեջանական ստորաբաժանումները ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ են կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 21-ին` ժամը 20:00-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»,– ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՊՆ–ի` ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: