Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից. Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից։ Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ինչպես հայտնում են Անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից, Գրիգորյանն ասել է.
«Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:
ՀԱՊԿ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, սկսել է իր աշխատանքը Երևանում։
ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք հանդիսանում են կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ։