Զինվորի տունը վիրահատական բաժանմունք կունենա

Վերականգնողական կենտրոնը կկարողանա ապահովել զինվորների բուժումը վիրավորման պահից, մինչև վերականգնողական փուլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Զինվորի տունն այսուհետ կունենա 3 վիրահատարան՝ հետվիրահատական բաժանմունքով և հիվանդասենյակներով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Զինվորի տան լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Վարդերեսյանը։
«Վիրահատական բաժանմունքում մատուցվելու են միկրովիրաբուժական, պլաստիկ վիրաբուժական, օրթոպեդիկ, տրավմատոլոգիական, ուռոլոգիական, գինեկոլոգիական և դիմածնոտային վիրաբուժական ծառայություններ»,- նշեց Ռուզաննա Վարդերեսյանը` հավելելով, որ այսպիսով, վիրահատարանի շնորհիվ, Զինվորի տունը ամբողջացնում է բուժման ողջ ցիկլը՝ ապահովելով զինվորների բուժումը վիրավորման պահից, մինչև վերականգնողական բուժման գործընթաց:
Վիրահատարանն ունի օդափոխության եզակի համակարգ, որը գրեթե 100 տոկոսով կբացառի ինֆեկցիաների հավանականությունը:
Հետվիրահատական, 12 մահճակալով պալատներում ապահովվելու է հիվանդի 24-ժամյա վերահսկողություն, մոնիտորներով հսկում:
Վիրահատական բաժանմունքի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։