ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. «Bunge» ագրոարդյունաբերական ընկերությունը («Օլեյնա», «Ideal» ապրանքանիշներ) որոշել է Ռուսաստանում ձիթատու մշակաբույսերի վերամշակման իր բիզնեսը վաճառել «Exoil Group»-ի բաժնետեր Կարեն Վանեցյանին։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` վաճառքը ներառում է արևածաղկի վերամշակման գործարանը Վորոնեժում։ Վաճառքի ավարտը կախված է փակման սովորական պայմաններից, ներառյալ կարգավորող մարմինների հավանությունը։
«Bunge»-ի գործադիր տնօրեն Գրեգ Հեքմանը (Greg Heckman) վստահություն է հայտնել, որ ագրոարդյունաբերական բիզնեսում քսանամյա փորձ ունեցող Վանեցյանի ղեկավարած թիմը կշարունակի բավարարել գնորդների պահանջները:
Նա շնորհակալություն է հայտնել ընկերության թիմին, որ շարունակել են անհրաժեշտ սննդամթերք մատակարարել բարդ պայմաններում։
«Bunge»-ը ամերիկյան ագրոարդյունաբերական ընկերություն է, ձիթատու մշակաբույսերի վերամշակման և բուսական յուղի արտադրության համաշխարհային առաջատարը։ Մամուլի հաղորդագրությունից հետևում է, որ «Bunge»-ը շուրջ 23 հազար աշխատակից ունի ավելի քան 40 երկրում:
Վորոնեժի մարզում «Bunge» գործարանն աշխատում է 2008 թվականից, ընդհանուր ներդրումներն այնտեղ կազմել են 130 մլն դոլար: Գործարանն արտադրում է «Օլեյնա» արևածաղկի ձեթը, «Ideal» ձիթապտղի ձեթը և այլ ձիթատու մշակաբույսերից պատրաստված արտադրանք։