Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար ԵՄ առաքելություն կստեղծվի. Բորել

Ժոզեպ Բորել
Բորելը հուսով է, որ առաքելության ստեղծման մասին որոշումը ԵՄ-ում կընդունվի արդեն հոկտեմբերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ երկրների արտգործնախարարները ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար Եվրամիության առաքելության ստեղծման հարցը: Այս հայտարարությունն արել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք քննարկում ենք դա: Բայց, ինչպես հասկանում եք, դա պետք է նախևառաջ համաձայնեցվի ուկրաինացիների հետ` որոնք են նրանց կարիքները, և մենք ինչպես կարող ենք լուծել դրանք այդ առաքելության միջոցով: Աշխատանք է տարվում»,- նշել է նա։
Բորելի խոսքով` Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու առաքելության ստեղծման մասին ԵՄ-ի որոշումը սպասվում է հոկտեմբերին:
Նա հույս է հայտնել, որ արդեն հոկտեմբերին Եվրամիության երկրների արտգործնախարարների խորհուրդը որոշում կկայացնի, ինչը եվրոպական չափանիշներով բավականին արագ կլինի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 208-րդ օրը։