Ռուսական ռազմական տեխնիկան արդյունավետորեն դիմակայում է արևմտյան սպառազինությանը. Պուտին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանական արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ղեկավարների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական ռազմական տեխնիկան արդյունավետորեն դիմակայում է արևմտյան սպառազինությանը և լավ է դրսևորում իրեն։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանական արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ:
«Անմիջապես նշեմ, որ գործողության ընթացքում կիրառվող ռուսական զենքը բարձր արդյունավետություն է դրսևորում, նախևառաջ դա վերաբերում է ավիացիային, մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներին, խոցման ավիացիոն միջոցներին, հրթիռահրետանային, զրահատանկային սպառազինությանը և այլն։ Դրանք թույլ են տալիս ոչնչացնել հակառակորդի ռազմական ենթակառուցվածքները, կառավարման կետերը, տեխնիկան, խոցել ազգայնական կազմավորումների տեղակայման վայրերը, միաժամանակ նվազագույնի հասցնել անձնակազմի կորուստները», - ասել է Պուտինը։
Նա նշել է պաշտպանական արդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկությունների արտադրական հզորությունների ավելացման ու պետք եղած դեպքում դրանց արդիականացման անհրաժեշտությունը: Այս խնդիրը լուծելու համար շատ բան արդեն արվել է։
Պուտինի խոսքով` պաշտպանական արդյունաբերությունը մեծ ներդրում է կատարում Ռուսաստանի անվտանգության ամրապնդման գործում, ընդ որում՝ շարունակում է ամուր դիրքեր զբաղեցնել սպառազինության համաշխարհային շուկաներում. միայն 2022 թվականի վեց ամսում ՌԴ-ն արտասահմանյան գործընկերներին ավելի քան 6 մլրդ դոլարի ռազմական արտադրանք է մատակարարել:
«Կոնստրուկտորների, ինժեներների, բանվորների տաղանդի, էներգիայի, առաջադրված խնդիրների նկատմամբ նրանց պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ մեր պաշտպանական ոլորտը հսկայական ներդրում է կատարում երկրի անվտանգության ամրապնդման և արդիականացման, բանակի ու նավատորմի մարտական հնարավորությունների բարձրացման գործում», - ավելացրել է նա:
Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար ԵՄ առաքելություն կստեղծվի. Բորել
ՌԴ նախագահը միաժամանակ նշել է, որ Ռուսաստանը պետք է ուսումնասիրի Արևմուտքի ռազմական տեխնիկան, որն օգտագործվում է Ուկրաինայում, պետք է կատարելագործի իրենը, անի դա արագ և արդյունավետ:
Ավելի վաղ ՌԴ նախագահը շնորհավորել էր պաշտպանական արդյունաբերական համալիրի բոլոր աշխատակիցներին Զինագործի օրվա առթիվ: Պուտինը շնորհակալություն էր հայտնել նրանց բարեխիղճ աշխատանքի և Ռուսաստանին ու ռուս ժողովրդին ծառայելու համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 208-րդ օրը։