ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. NASA-ն ցուցադրել է սեպտեմբերի 14-15-ը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիայի գոտում հրդեհների գոտիները։ Այս տվյալները ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը ներկայացնում է իր FIRMS (Fire Information Resource Management System) գեոտեղեկատվական համակարգի շրջանակներում, որն ամբողջ աշխարհում հրդեհների մոնիթորինգ է վարում:
Քարտեզով հաստատվում է, որ սեպտեմբերի 14-ից հրդեհներ են եղել Վարդենիսի, Ջերմուկի և Սիսիանի շրջաններում, ավելի քիչ՝ Գորիսի շրջանում:
Հիշեցնենք, որ Ջերմուկի անտառներում հակառակորդի ռմբակոծության հետևանք սեպտեմբերի 13-ին հրդեհներ էին բռնկվել։ Հրդեհի չորս օջախներից երկուսն ադրբեջանական կողմից դիտարկվող տարածքում էին և հրշեջները մոտենալ չէին կարող. ավելի ուշ դրանք ինքնամարվել են։
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: