Ամեն ինչ սկսվեց, երբ Վարդանյանները որոշեցին Գյումրիի կենտրոնում գինու համտեսի անկյուն բացել, սակայն հասկանալով, որ դրա մշակույթը այդքան էլ զարգացած չէ, որոշեցին բիզնես գաղափարը լրացնել մեկ ուրիշով. Գյումրիի պատմական միջուկում՝ Ջիվանու 73 հասցեում նրանք մասնավոր թանգարան բացեցին:
«Տունը վարձակալությամբ ենք վերցրել, շատ վատ վիճակում էր, կարգի ենք բերել ու որոշել այս կերպ պահպանել ոչ միայն տունը, այլև տան հնությունները»,- Sputnik Արմենիային ներկայացնելով հավաքածուի ամենահին կահույքը՝ 1896 թվականի պահարանը, տեղեկացնում է թանգարանի հիմնադիր Ցոլակ Վարդանյանը։
«Կհարցնեք ինչո՞ւ թարս ու շիտակ՝ կյանքի իմաստն է թարս ու շիտակ: Ես սիրում եմ ստանդարտից դուրս բաներ, ու դա է պատճառը, որ ուզեցի մի հետաքրքիր ու տարբերվող թանգարան ստեղծել»,-ասում է Ցոլակ Վարդանյանը:
Ցոլակ Վարդանյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Թանգարանում փորձ է արված մեկտեղել գյումրվա ու «սովետի» ոճերը: Ի դեպ, ոչ միայն տան ներկայիս տարածքը, այլ նաև հարակից տները՝ բակով, պատկանել է Ալեքսանդրապոլի մեծահարուստ Տեր-Մարտիրոսյանին, որը, որպես բարեգործ, Նիկոլայ ցարից հատուկ հավաստագիր է ստացել, ինչի մասին վկայում է տան կամարի վրա պատկերված հարթաքանդակը:
Խորհրդային տարիներին տունը պետականացրել են ու տրամադրել տարբեր ընտանիքների: «Այս տունն ինքն իրեն պատմություն է ու քանի որ 19-րդ դարի կեսերի կառույց է ու շատ գեղեցիկ, որոշեցինք հենց այստեղ պահպանել այդ պատմությունը: Տարածքը մաքրեցինք, ներքին հարդարում արեցինք՝ ձեռք չտալով շենքի արտաքին տեսքին: Զուգահեռ որոշեցինք պահպանել տան հին իրերը՝ հավաքածուն լրացնելով նորերով »,-նշում է թանգարանի մենեջեր Նաիրա Վարդանյանը։
Նաիրա Վարդանյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Երբ տունը նոր էին ձեռք բերել, տարածքը լցված էր տարբեր իրերով ու առաջին բանը, որ արեցին՝ տարածքն ազատելն էր՝ իրերը առաստաղին ամրացնելով:
«Առաջինը բազկաթոռները հայտնվեցին առաստաղին, հետո մյուս իրերը: Այս պահին թեև թանգարանն արդեն գործում է, բայց այն դեռ փորձարարական վիճակում է. որոշակի փոփոխություններ անում ենք՝ նաև այցելուների կարծիքը հաշվի առնելով»,-ասում է Նաիրան:
Թեև կարճ ժամանակում թանգարանը հասցրել է ինչպես գյումրեցիների, այնպես էլ քաղաք այցելած հյուրերի ուշադրությունը գրավել, իրենց նախնական բիզնես գաղափարից չհրաժարվելով՝ Վարդանյանները չեն մոռանում հիշեցնել, որ գյումրեցու տունը նաև յուրահատուկ հյուրասիրություն ունի՝ գինու համտես: