ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելությունը ժամանել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
«Առաքելությանը հանձնարարված է գնահատել ստեղծված իրավիճակը, մանրամասն զեկույց պատրաստել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համար և առաջարկներ մշակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշակի հատվածներում առաջացած լարվածության թուլացման համար»,- ասվում է զեկույցում։
Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիթորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ ՀՀ բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։
Նշենք, որ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խումբը` ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, նախօրեին ավարտեց իր աշխատանքը Հայաստանում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: