ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարը և «JAC» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնը, կան տուժածներ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն`այսօր ժամը 10։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Սարավան գյուղից «Զանգեր» գնացող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Վ․Մ․ ծնված 1989 թ․) մակնիշի բեռնատարը և «JAC» (վարորդ՝ Յ․ Ս․ծնված 1960 թ․) մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնը, ինչի հետևանքով ավտոցիստեռնը կողաշրջվել է։ Ճանապարհը դարձել է միակողմանի փակ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայրում գտնվող ԱԻՆ բժշկական ապահովման վարչության աշխատակիցները տուժածներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն։
Հատուկ տեխնիկայի օգնությամբ «JAC» մակնիշի ավտոցիստեռնը ուղղվել և դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատվածից․ավտոճանապարհը դարձել է երթևեկելի։