Բլինկենը Չավուշօղլուի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման թեման

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն. Արխիվային լուսանկար
Բլինկենը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու նպատակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել Է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման թեման։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, տեղեկանում ենք Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարությունից։
Բլինկենը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը նպաստելու նպատակով:
Զրուցակիցները քննարկել են նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պարենային գործարքը, որը նախատեսում է հացահատիկի արտահանումը Սև ծովով։
Բլինկենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային դիվանագիտական ջանքերի համար, որոնք ուղղված են Սև ծովով ուկրաինական հացահատիկի մատակարարումների շարունակության ապահովմանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: