Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանցիները հրադադարը խախտել են Ներքին Հանդի ուղղությամբ. կրակել են տարբեր զենքերից

Ներքին Հանդ. արխիվային լուսանկար
Ներքին Հանդ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքում քիչ առաջ հակառակորդը ինքնաձիգներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել, ինչը տևել է մի քանի րոպե։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը։
«Այս պահին կրակ չկա, հանգիստ է, բնակչության տարհանում չկա, բայց մարդիկ անհանգիստ են»,–ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: