ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին:
ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները և Ադբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները:
Դոնիկա Գյորվալա-Շվարցը անդրադարձել է Արևմտյան Բալկաններում իրավիճակին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հեռանկարները:
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորք է մեկնել` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Նախատեսվում են 30–ից ավել հանդիպումներ գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։