Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Ալեքսանդր Շալլենբերգի և Նիկոլա Սելակովիչի հետ

Միրզոյանը գործընկերների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ միջազգային հանրությանը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի՝ կանխելու Հայաստանի դեմ հավանական նոր ռազմական ագրեսիաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Նյու Յուրքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի և Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանն ու Նիկոլա Սելակովիչը
Միրզոյանն իր գործընկերներին հանգամանալից ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը:
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությանը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի՝ կանխելու հավանական նոր ռազմական ագրեսիաները, հրադադարի ռեժիմը պահպանելու, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը հետ քաշելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու համար։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում համագործակցությանն առնչվող թեմաներին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
Այսօր ավելի վաղ Միրզոյանը հանդիպել էր Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորք է մեկնել` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Նախատեսվում են 30–ից ավել հանդիպումներ գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։