ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները։
Նախարարը շեշտել է, որ Ադրբեջանն իր նմանատիպ գործողություններով հստակորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները՝ առանձնահատուկ նշելով միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահության կողմից թիրախային ու հստակ դատապարտման կարևորությունը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ շրջանակում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:
Հայկական կողմը շեշտել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: