ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 95 հայ զինծառայողի դի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը։
«95–ը ԱԽ–ի հայտարարած` զոհվածների և անհետ կորածների թվի շրջանակում է»,– ավելացրեց նա։
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը ՀՀ–ին էր հանձնել 32 հայ զինծառայողի դի։ Փոխանցված մարմինների ընդհանուր թիվը դարձավ 127։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: