Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են հրապարակել հերոսների անունները

Ադրբեջանական ագրեսիայից օրեր անց ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռևս հստակ տվյալների չի հրապարակել, ինչը բարկացրել է պատերազմում զոհվածների հարազատներին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Սոցցանցերում 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներն ու ընկերները ֆլեշմոբ են սկսել՝ պահանջելով հրապարակել վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հերոսների անունները:
«Պահանջում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն անհապաղ հրապարակի մեր նոր անմեղ զոհերի անունները, որպեսզի ճանաչենք մեր հերոսներին և պատիվ ունենանք նրանց հրաժեշտ տալու և մայրերի կողքին կանգնելու»,–գրում են ֆլեշմոբի մասնակիցները:
Նրանք կոչ են անում բոլորին միանալ իրենց պահանջին:
Նշենք, որ ադրբեջանական ագրեսիայից օրեր անց պաշտպանության նախարարությունը դեռևս հստակ տվյալների չի հրապարակել։
Զոհվածների մասին վերջին տվյալները ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։ Նրա խոսքով` հայկական կողմն ունի ունենք 135 զոհ, բայց դա վերջնական տվյալները չեն։
Վիրավորների և անհետ կորածների մասով որևէ տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։