ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին, տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նշվում է, որ Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Անատոլի Սիդորովը հայտարարել էր` Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունն աշխատում է առավելագույնս օբյեկտիվ լինել, որևէ եզրակացության մասին խոսելը դեռ վաղ է։
Նրա խոսքով` այսօրվա հիմնական խնդիրն այն տարածքներ, այն վայրեր այցելելն է, որտեղ բախումներ են եղել. տեղանքի հատվածներում, բնակավայրերում, հայկական կողմի դիրքերում, որոնք հրետակոծվել են։
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստը, նիստի ժամանակ խորհուրդը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով և դիտարկել կարգավորման հարցով ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու առաջարկները։ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստան ուղարկել կազմակերպության առաքելությանը։
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 15–ին։