ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հաղորդագրություն է տարածել, որում իր անհանգստությունն է հայտնում Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից։
«Որքան էլ դրանք լինեն արհեստական և ուղղորդվող, միևնույն է, դրանք պարունակում են ահռելի ռիսկեր` մեր պետության, ազգային անվտանգության և մեր ժողովրդի համար։ Անկայուն և բարիկադավորված աշխարհի այսօրվա պայմաններում սա ուղղակի արկածախնդրություն է, որի միակ շահառուն հակառակորդն է»,– ասված է հաղորդագրությունում։
Ծառուկյանի դիտարկմամբ` Հայաստանը կարող է և պետք է ունենա բարիդրացիական հարաբերություններ այլ տերությունների հետ, զարգացնի միջպետական հարաբերություններ, բայց դա չի կարող լինել ընդդեմ և ի հակակշիռ հայ-ռուսական հարաբերությունների։
Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի` ՀՀ այցի ժամանակ` սեպտեմբերի 18–ին, Երևանում բողոքի ակցիա էր կազմակերպվել։ Հավաքվածները ՀՀ իշխանություններից պահանջում էին դուրս գալ ՀԱՊԿ–ից։ Չնայած, որ ակցիան հայտարարվել էր որպես ոչ քաղաքական, բայց հստակ համակարգվում է Արևմուտքի և ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորվող կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։